1917-1920 թվականներին «Տեատր Պոլսկի», 1922-1924 թվականներին՝ «Ռեդուտա» թատրոնների ռեժիսոր, 1924-1926 թվականներին ղեկավարել է (Վ. Հոժիցայի և Ա. Զելվերովիչի հետ) Վ. Բոգուսլավսկու անվան թատրոնը (բոլորն էլ՝ Վարշավայում), 1930-ական թվականներին՝ Պոզնանի, Լոձի, Լվովի թատրոնները։ Շիլլերի բեմադրությունները տոգորված էին հեղափոխական ռոմանտիկայով, բուրժուական աշխարհի սոցիալական անարդարության դեմ բողոքով (Սլովացկու «Կորդիան», Կրասինսկու «Ոչ աստվածային կատակերգություն», Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»)։ 1946-1949 թվականներին Լոձում ղեկավարել է Լեհական բանակի, 1949-1950 թվականներին Վարշավայում՝ «Տեատր Պոլսկի» թատրոնները։ Շիլլերի որոշիչ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի լեհական թատերարվեստի զարգացման վրա։ Նա լեհական բեմարվեստում ձևավորել է մոնումենտալ թատրոնի սկզբունքները, գեղագիտությունը և ոճը՝ հենվելով առավելապես ազգային ռոմանտիկական դրամայի վրա։ 1952 թվականին հիմնել է «Թատերական օրագիր» ամսագիրը։ 1933 թվականից զբաղվել է մանկավարժությամբ։ 1947-1952 թվականներին՝ Սեյմի դեպուտատ, 1950-1954 թվականներին՝ Լեհական թատրոնի և կինոյի արտիստների միության նախագահ։ ԼԺՀ պետական մրցանակ (1948)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 495)։